Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Չարորակ նորագոյացությունների պատճառը նաեւ ծխելն է

Չարորակ նորագոյացությունների պատճառը նաեւ ծխելն է

Կառավարությունը հաստատել է ծխելու դեմ պայքարի 2010—2015 թ-թ. պետական ծրագիրը Գործադիրը երեկ հաստատել է մեր երկրում ծխելու դեմ պայքարի 2010-2015 թթ. պետական ծրագիրը եւ այդ ծրագրի կատարումն ապահովող առաջնահերթ ծրագրերի ցանկը։

 

Ծրագրի հետ կապված որոշ պարզաբանումներ տվեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը եւ ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը։ Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մերում ծխախոտի գործածումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշները առողջապահական եւ տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում։

 

Ծխելը նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը։ Ըստ նախորդ տարվա վիճակագրական տվյալների, Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 57.7%ը ծխող է։ Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այսպիսի պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի գործածումը հիմնական ռիսկի գործոն է։

 

2008 թ. տվյալների համաձայն, մեր երկրի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը՝ 50%, չարորակ նորագոյացությունները՝ 20.08%, շաքարային դիաբետը՝ 4.7%։

 

Ընդհանուր առմամբ բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են՝ սիրտ-անոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես՝ թոքի), այնուհետեւ՝ շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ եւ լյարդի ցիրոզ։ Ավելին, տղամարդկանց շրջանում առավել տարածված է շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը։ Ի դեպ, 2007 թ. առաջին անգամ թոքի քաղցկեղ ախտորոշումով 1192 անձից 1011-ը եղել են տղամարդ, 181-ը՝ կին (5 անգամ բարձր)։ Նույնն է պատկերը նաեւ այլ հիվանդությունների հիվանդացության եւ մահացության սեռային կառուցվածքում։

 

Փոխնախարարը վստահեցնում է, որ այս վիճակն էլ զգալիորեն պայմանավորված է նաեւ ծխախոտի գործածմամբ։ Վերջին տարիներին ծխախոտի դեմ պայքարը երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է։

 

2004 թ. ԱԺ-ն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, իսկ 2005 թ. կառավարության որոշմամբ հաստատվեց ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թթ. պետական ծրագիրը։ Ու քանի որ ծխելու դեմ պայքարի գործողությունները շարունակական բնույթ են կրում, գործադիրը երեկ հաստատեց նաեւ այդ ոլորտում առաջիկա տարիների անելիքները։

 

Հ. Դարբինյանը համոզված է, որ հակածխախոտային գործողությունների արդյունավետությունը կախված է ինչպես դրանց իրականացման, այնպես էլ դիտարկման եւ գնահատման արդյունավետ համակարգերի առկայությունից։ Առաջարկվող գործողությունները եւ միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), եվրոպական երկրների, նաեւ նախորդ տարիներին մեր՝ հակածխախոտային ոլորտում փորձին։ Ըստ Ա. Բազարչյանի, պետական այս ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի գործածման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքներից, նաեւ սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական բացասական հետեւանքներից։

 

Ծրագրի խնդիրներ են՝ 1. շարունակականորեն նվազեցնել ծխախոտի գործածման տարածվածությունը (տարեկան 1,5-2 տոկոս), 2. պահպանել բնակչության առողջությունը՝ կանխարգելելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությանը ենթարկվելը, 3. մշակել եւ շարունակականորեն կատարելագործել ծխախոտի գործածման եւ դրա հետեւանքով առաջացող հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը, 4. ապահովել բնակչության իրազեկվածությունը ինչպես ծխախոտի գործածման եւ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության հետեւանքով հիվանդությունների առաջացման վտանգի, այնպես էլ ծխախոտում պարունակվող վտանգավոր բաղադրիչների մասին։ Ինչ վերաբերում է ձեռնարկվելիք միջոցառումներին, բանախոսների համոզմամբ, ամենակարեւորը գործուն քարոզչությունն է։ Ծխելը դադարեցնելուն ուղղված միջոցառումները կընդգրկվեն պետական, նպատակային առողջապահական ծրագրերում (առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման եւ այլն)։ Բնակչությանը կիրազեկվի ծխելու հետեւանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին։

 

Ծխախոտային արտադրատեսակների մեծածախ եւ մանրածախ առեւտրում գործածվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը կկատարելագործվեն։ Մեկ այլ միջոցառում է ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողությունը. այն է՝ արդյո՞ք որակը համապատասխանում է սահմանված պահանջներին։ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների եւ նորմերի փորձարկման գործընթացում Առողջապահության hամաշխարհային կազմակերպության եւ այլ միջազգային կառույցների ուղեցույցների ու մեթոդական առաջարկների հիմամբ նոր մեթոդներ կներդրվեն։ Կկատարելագործվի նաեւ ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդը։

 

Տեղեկացնենք, որ նպատակային ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից, օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ աղբյուրներից։ Ծխելու դեմ պայքարի 2010-2015 թթ. պետական ծրագիրն ուղղված կլինի հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի ու ծխելու տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված, համալիր գործողությունների իրականացմանը (ներառյալ օրենսդրական նախաձեռնությունները), որոնք կնպաստեն բնակչության շրջանում ծխելուց հրաժարվելուն, երիտասարդության եւ չծխողների շրջանում վերջինիս կանխարգելմանը։ Դրանք, առողջապահության փոխնախարարի համոզմամբ, կնպաստեն հանրային առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ազգային մշակութային արժեքների վերահաստատմանը։ Փոխնախարարը չհերքեց՝ ծխողներ կան նաեւ բժիշկների շրջանում։

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ